Համաձայնագիր չի լինի, քանի դեռ Ուկրաինան չի հավատում, որ խաղաղությունը հնարավոր է. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ հակամարտության կարգավորման համաձայնագիր չի կնքվի, քանի դեռ Ուկրաինան չի հավատա, որ կարող է խաղաղ ապրել։ Նրա խոսքերը մեջբերել է The New York Post թերթը։
«Ոչ մի գործարք չի լինի, քանի դեռ Ուկրաինան եւ նրա ժողովուրդը չեն հավատա, որ կարող են ապրել խաղաղության մեջ, եթե դիվանագիտական լուծում գտնվի։ Դա պետք է վերջնական արդյունքը լինի՝ խաղաղության իրողությունը»,- ասել է Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ են «անվտանգության հստակ երաշխիքներ» ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից։ Աշխատանք այս ուղղությամբ տարվում է, հավաստիացրել է Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը։
Փետրվարի 17-18-ին Ժնեւում տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ. առաջին օրը քննարկումները շարունակվել են վեց ժամ, երկրորդ օրը՝ միայն երկու։ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը, դրանք անվանել է «ծանր, բայց գործնական», իսկ Զելենսկին հայտնել է, որ կողմերը «գրեթե պայմանավորվել են» հրադադարի վերահսկման մեխանիզմի մասին։
Փետրվարի 26-ին Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մարտի 4-5-ին։ Ընդ որում, Ռուսաստանի նախագահի աշխատակազմում չեն հաստատել լրագրողների տեղեկությունը հանդիպման նոր ամսաթվի մասին։




















