10 րոպե չանցած՝ ոստիկանը հասել է դեպքի վայր. ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին

«Ոստիկանությունն առավել քան օպերատիվ արձագանքել է»,- COP-17–ի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Շաքիում տեղի ունեցած միջադեպին ու այն պնդումներին, թե դեպքի օրը ոստիկանությունը ուշ է արձագանքել։
Նա մանրամասնեց. «Ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, երբ տուժողը զանգել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին, կարճ տեղեկատվություն է ներկայացրել՝ առանց մանրամասնելու տեղի ունեցածը։ Ոստիկանի համար դժվար լսելի է, թե ինչի մասին է խոսքը։ Բայց ոստիկանին հարիր պահվածք դրսևորելով՝ դուրս է եկել բնակության վայրից, չանցած 10 րոպե, հասել է դեպքի վայր։ Արդեն դեպքը տեղի է ունեցած եղել։ Տուժողի որդին, ոստիկանի ներկայությամբ և ուղղորդմամբ, զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն։
Ստանդարտացված կարգի համաձայն՝ օպերատիվ խմբի մեկնումը պետք է ապահովվի 10 րոպեի ընթացքում, այս դեպքում 10 րոպեում օպերատիվ խումբն արդեն եղել է տեղում»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար:




















