top of page

«Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ

  • 22 hours ago
  • 1 min read


«Միջազգային խաղաղության և բարօրության համար Թրամփի երթուղի» նախագծի իրականացման մասին համաձայնագրի ստորագրումը խախտել է տարածաշրջանային հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Խնդիրն այն է, որ այդ ստորագրությունները գործարկեցին ավելի խորքային գործընթացներ։ Դրանք խախտեցին տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից՝ Թուրքմենչայի պայմանագրի կնքումից ի վեր»,- ասել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ այն ժամանակ Ռուսական կայսրությանն անցան Երևանի և Նախիջևանի խանությունների հողերը, և սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանագծով՝ Արաքս գետով։ Այդ ժամանակից ի վեր դա ընդհանուր առմամբ եղել է խաղաղ սահման, ինչն ապահովվում էր երկու մեծ հարևանների պայմանավորվածություններով, հավելել է նա։

Փոխվարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը։

«Ադրբեջանը տրամադրված էր կոնստրուկտիվ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն այդ պահին արդեն բանակցում էր ԵԱՏՄ-ի հետ շուկաների փոխադարձ բացման շուրջ, չէր զգում այն սպառնալիքները, որոնք բերեց ամերիկացիների հրավերը Արաքսի հյուսիսային ափ»,- նշել է նա։

«Այժմ Հայաստանում հայտարարված է, որ այս նախագիծն իրականացվելու է առանց Ռուսաստանի, Թուրքիայում արդեն սկսել են միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման վրա, իսկ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարներն այնքան էլ ակնհայտ չեն։ Այս ամենը ճնշում է ստեղծում Հայաստանի վրա»,- նշել է Օվերչուկը։

«Ապաշրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չտեսնելու ցանկությունը մեծ սխալ էր»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման և Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ստեղծման մասին։ Այս նախագիծը ստացել է «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարօրության համար» անվանումը։

 
 
1/2062
bottom of page