top of page

Ես Արցախում ներդրումներ չեմ արել, որ գումար աշխատեմ. Սամվել Կարապետյան

  • May 27
  • 1 min read


«Ես Արցախում ներդրումներ անում էի, որ օգնեի Արցախի ժողովրդին, ներդրումներ չեմ արել, որ ինչ-որ գումար աշխատեմ»,-Արցախի Հանրային հեռուստաընկերության «Հայացքն Արցախին» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարարեր Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ նա Արցախում կատարում էր ներդրումներ նաև պատերազմից հետո ամենածանր պահերին։

Կարապետյանի խոսքով, իր ներդրումների մեծ մասն ուղղված էին Արցախում նորմալ էներգահամակարգ ունենալուն։

«Մեզ հաջողվեց։ Մարդիկ չգիտեն, բայց ամբողջ Արցախի հոսանքը կախված էր մեկ հենասյունից, և երբ Բակո Սահակլյանը ինձ խնդրեց ու ցույց տվեց, թե ինչքան մեծ պրոբլեմների մեջ են Արցախի ժողովուրդը, ուժեղ քամուց ամբողջ Արցախը կարող էր մնալ առանց հոսանք, այդ ժամանակ ես ֆինանսավորեցի ու ներդրում արեցի, հոսանքի նոր գիծ կառուցեցինք»,-ասաց բարերարը։

Նա նշել է, որ ավելի շատ ծրագրեր իրականացրել է Արցախում, քան հայրենի Տաշիրում։ Ներդրումներ անում էին նաև իր ընկերները՝ սկիզբ դնելով նորանոր ծրագրերի։

Կարապետյանը պատմել է, որ Արցախում եղել է 4 անգամ, միշտ հիացել է Արցախի ժողովրդով, բնությամբ։

«Առաջին անգամ Արցախ եկանք 12 տարի առաջ, մինչև այդ եղել էր Բակո Սահակյանի խնդրանը Արցախում հիվանդանոց կառուցելու մասին, ես համաձայնությունս տվել էի, և իր հրավերով եկանք Արցախ՝ տեսնելու, որտեղ ենք սկսելու շինարարությունը։ Ես չորս անգամ եմ եղել Արցախում, միշտ ամենավառ տպավորություններով եմ վերադարձել, բայց ամենապայծառ տպավորություններն առաջին այցի ընթացքում էին, երբ Բակո Սահակյանը մեծ միջոցառում էր կազմակերպել։ Դրանից հետո գնացինք Շուշիի ներքևում գտնվող անտառ, «Արցախի ձայներ» խոմբի երեխաները փոքր էին, ամբողջ գիշեր պարել ենք։ Դրանից հետո գրեթե ամեն տարի  ավելի մեծ կազմով գնում էինք Արցախ, կարող ենք ասել Բակո Սահակյանի շնորհիվ ճանաչեցի Արցախը»,-պատմել է Սամվել Կարապետյանը։

Ազգային բարերարը նշել է, որ չի եղել Արցախի իշխանությունների կողմից մի խնդրանք, որին ինքը չի ընդառաջել, եղել են նաև սեփական նախաձեռնությամբ ծրագրեր, օրինակ, բազմազավակ ընտանիքներին աջակցելու ծրագիրը։

 
 
1/2185
bottom of page