«ՀՐԱՊԱՐԱԿ». ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՇԵՄԻՆ
- Armen Sukiasyan
- Oct 29, 2024
- 2 min read

Երեկ՝ 2025 թվականի բյուջեի մասին օրենքի քննարկումից առաջ, Նիկոլ Փաշինյանը մանրամասն դասախոսություն էր կարդում, թե ինչ են պետական բյուջեն, հարկը, ինչից է բյուջեն ձեւավորվում եւ այլն: Բայց բուն ցուցանիշների մասին խոսեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ներկայացրեց, որ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, ինչը 5.4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը: 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6.6 տոկոսը, որը 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակին հավասար է, սակայն 2024 թվականին սպասվող ծախսերի համեմատ 0.6 տոկոսային կետով ավելի է: Միաժամանակ ունենք ահռելի պետական պարտք։
Կանխատեսվում է, որ 2024 թվականի վերջում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 49,8 տոկոս, 2025 թվականի վերջում ակնկալվում է 53,5 տոկոս։ 2025 թվականի համար ՀՆԱ-ի կանխատեսումը 5,5 տոկոս է։ «Կանխատեսում ենք, որ 2024 թվականի վերջին կունենանք ՀՆԱ-ի 50 տոկոսին մոտ պետական պարտք։ Եվ 2025 թվականի ավարտին պետական պարտքը կհասնի 53,5 տոկոսի՝ 5 տրիլիոն 037 մլրդ-ից կաճի մինչեւ 5 տրիլիոն 914 մլրդ դրամ։ Դա պայմանավորված է բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակով, որն ունենալու ենք 2025 թվականին»,- ասել է ֆինանսների նախարարը՝ մարդկանց հանգստացնելով, թե` եթե մեր եկամուտները եւ հնարավորությունները բավարար արագությամբ աճում են, պարտքի ավելացումը խնդիր չէ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, մեկնաբանելով նախարարի հայտարարությունները, հիշեցնում է, որ պետական պարտքի շեմային ցուցանիշը, որից հետո կարող ենք ասել, թե վիճակը կրիտիկական է, պարտք-ՀՆԱ հարաբերակցության 60 տոկոսն է, որին դեռ չենք հասնում։ «Բայց դա այնպես չէ, որ մենք ռեալ կունենանք իրենց նշած թվերը՝ բյուջեի աճն այսքան կլինի, փոխարժեքն այսքան կմնա, պարտքը քիչ կվերցնենք։ Սրանք ենթադրություններ են, որոնք իրականում որեւէ մեկը չի կարող վերջնական գնահատել»,- ասաց տնտեսագետը։
Այսինքն՝ այս 53,5-ի՞ց էլ բարձր կարող է լինել պետական պարտքը։ «Այո, մեծ է հավանականությունը, որովհետեւ ՀՆԱ աճը, որ կանխատեսում ենք 5,5 տոկոս, բավականին ռիսկային է։ Եթե ՀՆԱ-ն այդքան չաճի, իսկ հաջորդ տարի մենք ամենատարբեր ռիսկերն ունենանք, պետական պարտքն էլ ոչ թե իրենց նշած չափով աճի, այլ՝ ավել, քան նախատեսվածն է, ապա, այո, վիճակը կրիտիկական է լինելու։ Բացի դա, կան մեծ ռիսկեր, որ ազգային արժույթը կարժեզրկվի, ու եթե այս բացասական սցենարով գնանք, կարող է նույնիսկ հատենք պետական պարտքի 60 տոկոս շեմը։ Այսինքն՝ իրենք լավագույն սցենարն են ասում, բայց առնվազն միջին ու վատագույն սցենարի դեպքում, պետական պարտքի կառավարման հարցում ունենալու ենք լուրջ ռիսկեր»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ասում է, որ 12 միլիարդի շեմը հաղթահարելուց հետո էլ իշխանությունը չի հանդարտվում` հիմա եւս 1 միլիարդով ուզում են ավելացնել արտաքին պարտքը:
Ինչպես հայտնի է, 2025 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի համաձայն՝ առաջիկա տարում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 873 միլիարդ դրամ, ինչը 2024-ի սպասվող ցուցանիշը գերազանցում է 11%-ով, իսկ 2023-ի եկամուտների փաստացի մակարդակը՝ 22%-ով։




















