top of page

Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

  • 9 hours ago
  • 1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում ասվում է, երջանի՞կ է արդյոք Հայաստանի վարչապետը, որ իր իշխանության օրերին Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվում է 4-րդ անգամ, բարերարին թույլ չեն տալիս գնալ նույնիսկ Լոռու Լեռնահովիտ գյուղ՝ հոր շիրիմին այցի։

«Աշխարհի ամենահարուստ հայերից մեկը՝ 60-ամյա բարերար, գործարար, արդեն նաև վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամսով երկարացրել է Հակակոռուպցիոն դատարանը։ Եթե որոշումն անփոփոխ մնա, Կարապետյանը չի կարողանա անձամբ մասնակցել իր առաջնորդած քաղաքական ուժի համագումարին, խորհրդարանական ընտրությունների օրը տնային կալանքում կլինի, թիմակիցների հետ սահմանափակումներով պետք է շփվի:

Սամվել Կարապետյանին թույլատրվել է հրապարակային ելույթներ ունենալ և հարցազրույցներ տալ: 5 ժամ տևած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը պնդել է, թե Կարապետյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը և իր դիրքն օգտագործելով ազդել մարդկանց վրա։ «Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է հայտարարել, որ հենց Կարապետյանն է իրենց վարչապետի թեկնածուն։ Ինքը՝ Կարապետյանը, նախորդ դատական նիստին ասել է, որ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել։ Նա բարձր է գնահատում իր ղեկավարած քաղաքական ուժի հնարավորություններն Ազգային Ժողովի ընտրություններում։

Սամվել Կարապետյանն արձագանքել է իշխանականների հայտարարություններին, թե իրեն Ռուսաստանն է ուղղորդում, շեշտել է՝ իրեն ուղղորդում է հայ ժողովուրդը, Ռուսաստանը միայն Փաշինյանին է ուղղորդում: Մինչ դատարանը քննել է գործարարի խափանման միջոցի հարցը, բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են արել նրա կուսակիցներն ու համախոհները։

Քաշքշոց է սկսվել, երբ ոստիկանները որոշել են քաղաքացիներին հրելով ճանապարհը բացել։ Հետո ոստիկաններն անցել են ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն, 17 մարդ է ձերբակալվել։ Բերման ենթարկված մի երիտասարդի ինքնազգացողությունն է վատացել ոստիկանական մեքենայում։ Ուժեղ հայաստանցիները չեն բացառել, որ Սամվել Կարապետյանի աջակիցների շարքերում իշխանական սադրիչներ եղած լինեն»:

 
 
1/2092
bottom of page