top of page

Փորձության պահին է առավել հստակ երևում մարդու հավատքի ուժն ու արժանապատվությունը․ Սամվել Կարապետյանի շնորհավորանքը Վեհափառին

Aug 21
1 min read


Շնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ


Վեհափա՛ռ Տեր,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։


Այս տարին առանձնահատուկ փորձությունների ժամանակաշրջան է դարձել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ձեզ համար։ Սակայն այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ, առանց չարությանը չարությամբ պատասխանելու, առանց Ձեր կոչումից ու առաքելությունից շեղվելու։


Փորձության պահին է առավել հստակ երևում մարդու հավատքի ուժն ու արժանապատվությունը։ Դուք այդ փորձությունների միջով անցնում եք հանդարտությամբ և հաստատակամությամբ՝ պահպանելով Հայոց Հայրապետի բարձր կոչմանը վայել կեցվածք։


Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի ինքնության, միասնության և հարատևության գլխավոր հենասյուներից մեկը։ Եվ այսօր Եկեղեցու արժանապատվությունն ու անկախությունը պաշտպանելը նշանակում է պաշտպանել մեր հավատը, մեր պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը։

Վստահ եմ՝ ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը։ Մնում են հավատքը, արժանապատվությունը և այն ծառայությունը, որ մարդ մատուցել է իր ժողովրդին ու Եկեղեցուն։


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և տոկունություն՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի բարօրություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի և աշխարհասփյուռ հայության։

Թող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես մնա անսասան, իսկ Ձեր ծառայությունը՝ հավատքի, համախմբման և ազգային արժանապատվության օրինակ։


Աստված պահապան Ձեզ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Որդիական խոնարհութեամբ և ջերմությամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`


Սամվել Կարապետյան





 
 
1/2387
bottom of page