top of page

Երբ կա արձանագրությունը, ո՞նց է ձայների փոշիացում տեղի ունենում. իրենք չհայտնաբերեին, մեկ է՝ մենք ուղղելու էինք. ԿԸՀ նախագահը՝ ԲՀԿ-ի ձայների անհամապատասխան տվյալների մասին

  • 22 hours ago
  • 1 min read


Կան արձանագրություններ, այդ փաստաթղթերում գրված է 77: Իրենք որտեղի՞ց են իմացել, որ իրենց ձայնը 77 էր, 1 չէր, մեր արձանագրությունից, մեր քաղվածքից: Եթե մեր արձանագրությունները չարտացոլեին այդ պատկերը, իրենք դրա մասին չէին էլ իմանա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ խոսելով ԿԸՀ-ի հրապարակած անհամապատասխան տվյալի մասին, ըստ որի 27/7 ընտրատեղամասում ԲՀԿ-ն 77 ձայնի փոխարեն ստացել էր 1 ձայն:

Նա նշել է, որ եթե հինգ ընտրատեղմասում եղել է սխալ մուտքագրում, դա շտկվելու է, դրա համար են այս արդյունքը կոչում նախնական:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն կասկածում է՝ ձայների փոշիացում է տեղի ունենում, Հովակիմյանն արձագանքել է. «Երբ կա արձանագրությունը, ո՞նց է տեղի ունենում, կարո՞ղ եք ինձ ասել: Երբ կա արձանագրությունը, որտեղ գրված է՝ քաղաքական ուժն այդ տեղամասում ստացել է այսքան ձայն: Իրենք չհայտնաբերեին, մեկ է՝ մենք ուղղելու էինք»:

Փաշինյանի՝ ԲՀԿ-ի ձայները քիչ ներկայացնելու համար ԿԸՀ-ին հնարավոր ճնշումների մասին հարցադրմանը Հովակիմյանն արձագանքել է՝ «լավ էլի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է ԿԸՀ-ի անհամապատասխան տվյալներ հրապարակելու մասին:

Երեկ էլ պարզ դարձավ՝ 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն: 

ԲՀԿ-ն կհաղթահարի 4% անցողիկ շեմը, թե ոչ, ըստ ԿԸՀ-ի, պարզ կդառնա կիրակի օրը, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները: Նախնական արդյունքներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել 3.996% ձայն: 

 
 
bottom of page