Կրակոցներ ԱՄՆ-ի «ֆուտբոլային մայրաքաղաքում». մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
- 7 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ի Կանզաս Սիթի քաղաքում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը ստացել են վնասվածքներ, հայտնում է NBC News-ը։
Ոստիկանության տվյալներով,՝ մոտավորապես ժամը 22:30-ին սպաները կրակոցների ձայներ են լսել Արևելյան 19-րդ փողոցի շրջանում։ Դեպքի վայր ժամանելով՝ նրանք հայտնաբերել են հրազենային վնասվածքներով երկու կնոջ, որոնք գիտակցության մեջ էին, ինչպես նաև կյանքի նշաններ չցուցաբերող մի տղամարդու։
Զոհվածը 29-ամյա Դևիդ Է. Բեք III-ն էր։ Բժիշկները նրա մահը հաստատել են դեպքի վայրում։ Տուժած կանանց տեղափոխել են հիվանդանոց։
Ավելի ուշ բուժհաստատություն են ինքնուրույն դիմել ևս երեք վիրավորներ՝ կայուն վիճակում գտնվող տղամարդ և կին, ինչպես նաև մի տղամարդ, որի վիճակը բժիշկները գնահատել են որպես ծայրահեղ ծանր։
Նախնական քննությունը ցույց է տալիս, որ մարդկանց մի խումբ գտնվել է 19-րդ փողոցում, երբ միանգամից մի քանի մարդ կրակ է բացել։ Ըստ ոստիկանության, բոլոր տուժածները, հավանաբար, հարձակման պահին իրար մոտ են գտնվել։
Քննիչները շարունակում են ապացույցների հավաքագրումն ու վկաների հարցաքննությունը։ Այս պահին կասկածյալներ չեն ձերբակալվել։
Միջադեպը տեղի է ունեցել Arrowhead Stadium մարզադաշտից մոտ 11 կիլոմետր հեռավորության վրա, որն այս ամառ ընդունում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները։ Արդեն շաբաթ օրը այնտեղ պետք է կայանա Էկվադորի և Կյուրասաոյի հավաքականների հանդիպումը։
Մրցաշարի անցկացման կապակցությամբ քաղաքում գործում է անվտանգության միջոցառումների աննախադեպ մակարդակ։ Ինչպես նշել է ոստիկանության ներկայացուցիչ կապիտան Ջեյք Բեքինան, կարգուկանոնի ապահովման համար ներգրավվել են իրավապահ մարմինների աշխատակիցներ ԱՄՆ-ի ողջ Միջին Արևմուտքից։
Ոստիկանությունը դիմել է բնակիչներին՝ խնդրելով տրամադրել տեղի ունեցածի վերաբերյալ ցանկացած տեղեկություն։ Տեղեկությունների համար, որոնք կօգնեն բացահայտել և ձերբակալել մեղավորներին, հայտարարվել է մինչև 25 հազար դոլարի պարգևավճար։



















