top of page

ՖԻՖԱ-ի նախագահին մտադիր են հրավիրել Եվրախորհրդարան․ Euronews

  • 5 hours ago
  • 1 min read


ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին մտադիր են կանչել Եվրոպական խորհրդարան՝ մրցաշարերում մասնավոր ներդրումներ թույլատրելու աղմկահարույց ծրագրի շուրջ պարզաբանումներ տալու համար։ Այս նախագիծը ֆուտբոլային աշխարհում բուռն դժգոհություն է առաջացրել՝ ստիպելով եվրոպական ասոցիացիաներին սպառնալ հաջորդ աշխարհի առաջնության բոյկոտով։

Euronews-ի փոխանցմամբ՝ Ինֆանտինոն ստիպված կլինի օրենսդիրների հարցերին պատասխանել դեմ առ դեմ՝ «թափանցիկության և դեմոկրատական պատասխանատվության ոգով, որոնց հրապարակավ աջակցում է նաև ՖԻՖԱ-ն»։

Նախագծով նախատեսվում է հիմնել նոր ընկերություն, որը կզբաղվի ՖԻՖԱ-ի մրցաշարերի անցկացմամբ, և դրա բաժնետոմսերի մինչև 20%-ը վաճառել արտաքին ներդրողներին։ Հավանական գնորդների թվում է Ջոշուա Քուշները, ում եղբայրը՝ Ջարեդը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան է։

Չնայած Եվրոպական (ՈՒԵՖԱ) և Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի (ԿՈՆԿԱԿԱՖ) ֆուտբոլային ասոցիացիաների՝ նախագիծը կասեցնելու պահանջներին, ՖԻՖԱ-ն դեռ դիմադրում է այդ որոշմանը։ Կազմակերպությունում պնդում են, որ բոլոր ազգային ասոցիացիաները պետք է հնարավորություն ունենան քննարկել ծրագիրը «բաց և դեմոկրատական» խորհրդակցությունների ձևաչափով։

Եվրախորհրդարանի քաղաքական ուժերը խիստ մտահոգված են ստեղծված իրավիճակով և Ինֆանտինոյին մեղադրում են կառույցի անարդյունավետ ղեկավարման մեջ։

Եվրոպացի պատգամավորների դժգոհության առիթ է դարձել նաև նախագծի շուրջ լայն քննարկումների բացակայությունը, ինչպես նաև այն փաստը, որ ծրագրի մասին հայտարարվել է 2027 թվականին սպասվող ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից առաջ։ Ինֆանտինոն, ի դեպ, արդեն հայտնել է վերընտրվելու մտադրության մասին։

 
 
1/2254
bottom of page