top of page

Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան

Sep 24
2 min read


«Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս։ Քաղաքականության մեջ կարևոր կարողություն է ինքնավերլուծությունը։ Չհիմնավորված նեղացվածությունը չի կարող փոխարինել դրան»,-գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական շարժման առաջնորդ Արման Թաթոյանը՝ ըստ երևույթին արձագանքելով «ուժեղ հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարարեր Սամվել Կարապետյանի՝ 24news-ին տված հարցազրույցում ընդդիմադիր որոշ ուժերի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։

«Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործն արեցին։ Մեզ քննադատող ընդդիմադիր ուժերը պետք է իրենց հաշիվ տան՝ ինչի՞ օգնեցին Փաշինյանին»,-մասնավորապես նշել էր Կարապետյանը՝ առանց անուններ հնչեցնելու։

Թաթոյանի գնահատմամբ, սա հեռանկար չունեցող ու վտանգավոր մոտեցում է: Մանավանդ, որ հարցերը ներկայացվում են միակողմանի՝ շրջանցելով ամբողջական պատկերը։

«Միշտ ենք պատրաստ եղել համախմբման, երբ այն իսկապես հանուն Հայաստանի է և ուղղված է մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների իրական լուծմանը։ Դրանցից կարևորներից է այն, որ բաժանարար գծեր ընդդիմության և հասարակության միջև պետք է ոչ թե ստեղծել կամ եղածները խորացնել, այլ վերացնել դրանք:

Վերջին չորս ամիսների ընթացքում մենք արել ենք կոնկրետ գործեր, որոնք հիմա անհրաժեշտ են Հայաստանին: Դրանց թվում զգալի մաս վերաբերում է սահմանային անվտանգությանն ու մեր քաղաքացիների պաշտպանությանը` տարբեր գյուղերում իրականացրել ենք նոր փաստահավաք աշխատանքներ, նախապատրաստել ենք մի քանի տասնյակ կոնկրետ գործեր մեր երկրի տարածքների օկուպացիայի, մեր ժողովրդի նկատմամբ շարունակվող մյուս հանցանքների վերաբերյալ: Ներկայում հատուկ [պաշտոնական] ընթացակարգերով դիմում ենք միջազգային կառույցներին` այս հարցերը միջազգային օրակարգ բերելու համար։

Հ.Գ. Ու քանի որ մենք հաշվետու ենք հանրությանը, առաջիկայում կներկայացնենք այս աշխատանքի արդյունքները, ինչպես նաև այն, թե ինչպես ենք դրանք պատրաստում հրապարակման և ինչպես ենք ներկայացրել միջազգային կառույցներին»,-նշել է Թաթոյանը։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արձագանքելով սամվել կարապետյանի այդ հայտարարություններին, կարծիք էր հայտնել, որ ակնարկը վերաբերում է Արման Թաթոյանին։

«Կարապետյանը համենայնդ դեպս ակնարկում էր, որ նրա անձնական բարձր հավակնությունների պատճառով է, որ չի ստացվել միավորումը եւ այդ ուժն էլ փաստորեն կամա, թե ակամա նպաստել է ընդդիմության ձայների որոշակի փոշիացման։



Այս թեմայով կարելի է անել շատ դիտարկումներ, սակայն շատ չերկարացնելու համար դառնամ ինձ համար էականին։ Հենց այդօրինակ դրվագներն են վկայում, որ մեթոդապես սխալ է՝ գոնե Հայաստանում, առավել եւս Հայաստանում, երբ ընդդիմադիր պայքարի հաջողության գլխավոր գրավական է հռչակվում «միասնակն ընդդիմությունը»։ Որովհետեւ, ցանկացած պահի այդ միասնությունը կարող է «թեւեր առնել ու թռչել», բառի բուն եւ պատկերավոր իմաստով, երբ այն կազմողներից որեւէ մեկը հանկարծ որեւէ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով համարի, որ խնդիր ունի այդ միասնության հետ։



Այդ իսկ պատճառով, պետք է առավելագույնս հիմնարար կերպով հրաժեշտ տալ «միասնական ընդդիմություն» բանաձեւին եւ փոփոխությունների հաջողության հիմքը տեսնել միայն հասարակությանն առաջարկվող բովանդակային երկխոսությունը»,-գրում է Բադալյանը։

 
 
1/2387
bottom of page