Հայաստանում 7 տարի 9 ամիս համաներման նախագիծ չի ներկայացվել. Լիաննա Գասպարյան

«Հայաստանում 7 տարի 9 ամիս համաներման նախագիծ չի ներկայացվել»,-ԱԺ-ում նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը՝ իր խոսքն ու հարցերն ուղղելով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Արուսյակ Ջուլհակյանին։
Նա նշեց, որ 7 տարի 9 ամիս նման նախաձեռնության մասին որևէ բարձրաձայնում չի արվել։
«Կարծում եմ՝ խոսքը պարզապես հերթական օրենսդրական նախագծի մասին չէ, այլ այնպիսի ինստիտուտի, որն անմիջականորեն առնչվում է մարդկանց ազատությանը և քրեական քաղաքականությանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց իրենց քաղաքականությունը՝ համաներման ճանապարհով չպետք է գնալ, այլ կոնկրետ դեպքերում քննարկել վաղաժամկետ ազատման հարցեր։
«Այդ ճանապարհով մենք գնացել ենք, համապատասխան օրենսդրական փոփոխություններ ընդունել ենք։ Համաներումը մեզ համար ընդունելի ճանապարհ չէ, կարծում ենք՝ յուրաքնարչյուր կոնկրետ դեպքում յուրահատուկ մոտեցում է պետք»,- նշեց նա։
Լիաննա Գասպարյանն արձագանքեց, որ հարցը ձևակերպել էր՝ ծանոթ լինելով Ջուլհակյանի կողմից նշված քաղաքականությանը։
«Մինչ այս փորձը ցույց է տվել, որ վաղաժամկետ ազատման ինստիտուտը նույնկերպ է աշխատում. հիմնակում դատարաններն առաջնորդվում են դատախազի առարկություններով և կրկին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման տոկոսները մեր քաղաքացիների համար գոհացուցիչ չեն»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։




















