top of page

Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին

Mar 6
1 min read


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել այն երկրներին և կազմակերպություններին, այդ թվում նաև Հայաստանին, որոնք «համերաշխություն են հայտնել Ադրբեջանին՝ Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո»։

«Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում մեր միջազգային գործընկերներից ստացված աջակցության հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար՝ Ադրբեջանի տարածքի դեմ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։ Մենք բարձր ենք գնահատում նրանց շարունակական աջակցությունն ու համագործակցությունը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում և գրառմանն ուղեկցում է «երախտագիտություն հայտնած երկրների դրոշները»։ 

Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ իրանական ԱԹՍ-ներն ընկել են Նախիջևանի օդանավակայնի տարածքում, ինչպես նաև էքսկլավի Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հերքել էր  Իրանի կողմից ԱԹՍ-ներով Ադրբեջանին հարվածելու մասին լուրերը։

Հիշեցնենք նաև՝ երեկ երեկոյան ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

 
 
1/2387
bottom of page