«Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը
- 7 hours ago
- 2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) շուրջ ընթացող գործընթացը փետրվարի 25-ից փաստացի կասեցված է եղել՝ մայիսի 25-ից մինչև համապատասխան դատական որոշման կայացումը։
Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ առաջիկա շաբաթներին՝ կառավարական նիստերից մեկի ընթացքում, նախատեսվում է ընդունել որոշում, որով ՀԷՑ-ը, որպես մասնավոր ընկերություն, գործադիրի որոշմամբ կճանաչվի հանրային գերակա շահ։ Դրանից հետո արդեն գործադիր իշխանությունը կանցնի հաջորդ փուլին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրային գերակա շահ ճանաչելուց հետո վարչապետի աշխատակազմը կմշակի գնահատման հատուկ մեխանիզմ, որի իրականացումը, ըստ մեր զրուցակիցների, կարող է տևել շուրջ 3-4 ամիս։ Գործընթացում ներգրավվելու է Հայաստանի ռեզիդենտ, լիցենզավորված գնահատող, բայց իմիջով անկախ ընկերություն, որը պետք է իրականացնի ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատումը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գնահատման արդյունքում ձևավորված շուկայական արժեքին կավելացվի ևս 15 տոկոս, և այդ վերջնական առաջարկը կներկայացվի ՀԷՑ-ի սեփականատիրոջը։ Ըստ գործող սցենարի՝ հենց սեփականատերն է վերջնական որոշում կայացնելու՝ վաճառե՞լ ընկերությունը կառավարությանը, թե՞ ոչ։ Բայց չվաճառելու դեպքում, միևնույն է, հանրային գերակա շահի հիմքով Սամվել Կարապետյանի ձեռքից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կվերցնի ՀԷՑ-ը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների նախնական պատկերացմամբ, պետությունը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, որից հետո այն փոխանցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությանը։ Ապա ընկերության կառավարումը կշարունակվի պետական ձևաչափով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կտրամադրի նոր լիցենզիա, որի հիման վրա էլ ՀԷՑ-ը կշարունակի գործունեությունը։
Կառավարական շրջանակներում, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, չեն ակնկալում գործընթացի արագ ավարտ։ Ըստ նախնական հաշվարկների՝ միայն իրավական, գնահատման և կազմակերպչական փուլերը կարող են տևել առնվազն 6-8 ամիս, և նույնիսկ ամենաարագ սցենարի դեպքում հարցի ամբողջական հանգուցալուծումը դժվար թե հնարավոր լինի մինչև տարեվերջ։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գնահատմամբ՝ ՀԷՑ-ի հնարավոր արժեքը կարող է կազմել մոտ կես միլիարդ դոլար, թեև վերջնական թիվը կախված կլինի մասնագիտական գնահատման արդյունքներից։ Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների տեղեկություններով՝ կառավարությունում քննարկվում են ֆինանսավորման տարբեր տարբերակներ. չի բացառվում, որ գործարքի համար ներգրավվի վարկային միջոց, սակայն դիտարկվում է նաև պահուստային ֆոնդի հնարավոր օգտագործումը։
Միաժամանակ իշխանական շրջանակներում համոզված են, որ ՀԷՑ-ի ձեռքբերման համար կատարված ծախսերը հետագայում կարող են վերադարձվել հենց ընկերության գործունեության արդյունքում ստացվող եկամուտների հաշվին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















