Ալեն Սիմոնյանը հաստատում է, որ հայհոյել է քաղաքացուն
- Mar 26
- 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է, որ այսօր հայհոյել է քաղաքացուն։
«Իհարկե, ով ինձ հայհոյում ա, պատասխանը տալիս եմ»,– ասել է Սիմոնյանը, ապա դիմել անհետ կորած զինծառայողների հարազատներին. «Շատ անգամ մենք հանդիպել ենք, եթե էս արարքը չդատապարտեք, էս մարդկանց գյամերը չքաշեք, ես երբեք էլ ձեր հետ ոչ խոսելու եմ, ոչ էլ։ Էդ լակոտը, էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել, այլեւս որեւէ շփում ձեզ հետ չեմ ունենալու»։
Նշենք, որ ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ էին հնչել։ Ըստ ՆԳՆ–ի՝ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի այս պահվածքը խախտում է ՔՊ կուսակցության էթիկայի կանոնագիրքը, որն ընդունվել է ամիսներ առաջ։ Մասնավորապես, կանոնագրքի 4-րդ գլխի համաձայն՝ «ՔՊ կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ ՝ առցանց հաղորդակցության ընթացքում։
«Կուսակցությունը մերժում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում։ Կուսակցության անդամները՝ հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն»,- նշված է կանոնակարգում։




















