top of page

Շոն «Դիդի» Քոմբսը 100 մլն դոլարի հայց է ներկայացրել իր մասին վավերագրական ֆիլմ ստեղծողների դեմ

  • Armen Sukiasyan
  • Feb 13, 2025
  • 1 min read

Շոն «Դիդի» Քոմբսը 100 մլն դոլարի հայց է ներկայացրել իր մասին վավերագրական ֆիլմ ստեղծողների դեմ։ Ռեփերը ներկայում գտնվում է Նյու Յորքի բանտում եւ սպասում է դաշնային քրեական դատավարությանը սեքսուալ թրաֆիքինգի եւ ռեկետի մեղադրանքներով, որոնք նա հերքում է:

Դիդիի փաստաբանը հայտնել է, որ նա դատի է տվել NBC-ին, նրա Peacock հեռարձակման ծառայությանը եւ Ample պրոդյուսերական ընկերությանը՝ Diddy: The Making of a Bad Boy վավերագրական ֆիլմի համար:

Հայցում նշվել է, որ վավերագրական ֆիլմը ռեփերի մասին կեղծ եւ զրպարտչական հայտարարություններ է արել: Երեք ընկերությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։

Հայցում նաեւ նշվել է, որ «փաստագրական ֆիլմի նախաբանը թույլ է տալիս ենթադրել, որ Քոմբսը բազմաթիվ զազրելի հանցագործություններ է կատարել, այդ թվում՝ սերիական սպանություններ, անչափահասների բռնաբարություն եւ առեւտուր սեքսուալ նպատակներով»:

Հայցում նշվել է, որ ֆիլմը «չարամիտ եւ անհիմն կերպով ենթադրում է, որ Քոմբսը «հրեշ է» եւ ներառում է հայտարարություններ այն մասին, որ ստեղծողները «գիտեին դրանց կեղծ լինելու մասին կամ հրապարակել են՝ անխոհեմաբար անտեսելով այն, թե արդյոք դրանք կեղծ են, թե ոչ»:

Դիդին 100 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում վավերագրական ֆիլմի պատճառած վնասի համար:

Հայցում նշվել է, որ հաղորդումը «կեղծ, անխոհեմ եւ չարամտորեն մեղադրում է Քոմբսին իր շրջապատի մարդկանց սպանության մեջ», այդ թվում՝ նախկին ընկերուհի Քիմ Փորթերին եւ ռեփեր Քրիստոֆեր Ուոլեսին, որը հայտնի է որպես Biggie Smalls եւ The Notorious BIG։

Քոմբսի փաստաբան Էրիկա Վուլֆն ասել է, որ NBC-ն, Peacock-ը եւ Ample-ը «գիտակցաբար որոշում են կայացրել լցնել իրենց գրպանները ճշմարտության, ազնվության եւ պրոֆեսիոնալ լրագրության հիմնական չափանիշների հաշվին»: Նրանք «չարամիտ եւ անխոհեմ կերպով աղաղակող սուտ են հեռարձակում»։

Հայցը տրվել է ռեփ աստղի դեմ վերջին 16 ամիսների ընթացքում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից ներկայացված մի շարք մեղադրանքներից հետո: Ենթադրվում է, որ նա ներկայում բախվում է ավելի քան 30 առանձին քաղաքացիական հայցերի հետ:











bottom of page