top of page

Ուրախ եմ այս հաղթանակի համար․ այժմ մենք կարող ենք ավելի հանգիստ նայել ապագային․ Մեսսի

  • 6 hours ago
  • 1 min read


Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին շարունակում է փայլել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող 2026 թվականի աշխարհի առաջնությունում: Խմբային փուլի J խմբի երկրորդ տուրում արգենտինացիները 2:0 հաշվով կարևոր հաղթանակ տարան Ավստրիայի ընտրանու նկատմամբ՝ շնորհիվ Մեսսիի հեղինակած դուբլի: Տրամաբանական է, որ հենց նա էլ ճանաչվեց այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Մրցաշարի մեկնարկային երկու խաղերում Մեսսին արդեն իսկ դարձել է 5 գոլի հեղինակ (Ալժիրի դեմ խաղում՝ հեթ-տրիկ, Ավստրիայի դեմ՝ դուբլ): Ներկա պահին արգենտինացի հարձակվողի արդյունավետությունը գերազանցում է Մունդիալի մասնակիցների մեծամասնության ցուցանիշները. Մեսսին միայնակ ավելի շատ գոլ է խփել, քան ԱԱ-2026-ին մասնակցող 48 հավաքականներից 40-ը:

Այս գոլերի շնորհիվ նա իր խփած գնդակների ընդհանուր քանակը աշխարհի առաջնություններում հասցրեց 18-ի, ինչը բացարձակ ռեկորդ է մրցաշարի ողջ պատմության մեջ:

Խաղից հետո Արգենտինայի հավաքականի պաշտոնական X միկրոբլոգը փոխանցել է ավագի խոսքերը.

«Նախևառաջ, ես շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Այն չափազանց կարևոր էր և տրվեց ծանր, համառ պայքարում: Այժմ մենք կարող ենք ավելի հանգիստ նայել ապագային: Այս առաջնությունում բոլոր հանդիպումներն անցնում են հավասար և լարված պայքարում: Ես վայելում եմ այս պահը և անհամբեր սպասում եմ թիմակիցներիս հետ հաջողությունը տոնելու հնարավորությանը»։

Այս հաղթանակի շնորհիվ «ալբիսելեստեն» վաստակեց 6 միավոր և ամրապնդվեց J խմբի առաջին հորիզոնականում՝ ժամկետից շուտ ապահովելով իր մասնակցությունը ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ փուլում: Ավստրիայի ազգային թիմը 3 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը:

Հունիսի 28-ին կայանալիք խմբային փուլի եզրափակիչ՝ 3-րդ տուրում, գործող չեմպիոն Արգենտինան կմրցի Հորդանանի, իսկ Ավստրիան կհանդիպի Ալժիրին:

Հիշեցնենք, որ Արգենտինան աշխարհի գործող չեմպիոնն է. 2022 թվականի Կատարի առաջնության դրամատիկ եզրափակիչում նրանք հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին Ֆրանսիային (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով՝ 4:2): Ընթացիկ առաջնությունը կավարտվի հուլիսի 19-ին:

 
 
1/2196
bottom of page